Վահագնաձորում բռնկված հրդեհը 2 օր անց դեռ չի հաջողվել մարել. Փրկարարների մարտական հաշվարկը վերադարձել է
Դեռեւս հունվարի 24-ին Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում գտնվող երկաթգծի մոտակայքում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել:
ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր՝ հունվարի 26-ին, ժամը 09:06-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 09:04-ին Վահագնաձոր գյուղի մոտակա անտառածածկ տարածքում հերթապահություն իրականացնող հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը վերադարձել է:
Ժամը 08:10-ից հերթապահություն են իրականացնում «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Եղեգնուտի անտառտնտեսության» մասնաճյուղի աշխատակիցները:
Ավելի վաղ հայտնել ենք, որ հունվարի 24-ին, ժամը 18:32-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում գտնվող երկաթգծի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել էր, որ հրդեհը տարածվել է մոտակա անտառային հատված, այրվում է մոտ 6 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 19 հրշեջ-փրկարար, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության 15, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության 12 և ոստիկանության 30 աշխատակից, Վահագնաձոր գյուղի բնակիչներ:
Դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը և Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
Արդեն հունվարի 25-ին, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 34 փրկարար ծառայող (14 հրշեջ-փրկարար, 20 փրկարար) և անտառտնտեսության 15 աշխատակից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:30-ին, մարվել՝ 18:00-ին:
Փրկարարներն իրականացնում են հերթապահություն: