ՊԵԿ նախագահը ներկայացրել է խոստացած հայտարարգիրը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը facebook-ի էջում հրապարակել է իր տարեկան հայտարարագիրը՝ կից գրառմամբ․ «Ինչպես խոստացել էի Հայաստանի կառավարության հունվարի 24-ի նիստից հետո մամուլի ներկայացուցիչների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ, այսօր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով եմ ներկայացրել պաշտոնատար անձի տարեկան հայտարարագիր` 2018 թվականի համար։ Կարծում եմ, որ հայտարարագրում ներկայացված տեղեկատվությունը ավելի քան բավարար է` մեր լրագրող-գործընկերների և, ընդհանրապես, հանրության տեղեկատվական կարիքները բավարարելու համար»,- գրել է նա։
Ըստ հայտարարգրի՝ Դավիթ Անանյանը երկու աղբյուրից ստացել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ՝ 4 մլն 808 հազար 668 դրամ և 18 մլն 482 հազար 639 դրամ ծավալով։
Բացի այդ՝ նա ստացել է շահաբաժին՝ մոտ 14.9 մլն դրամ, այլ եկամուտներ՝ 1,494 եվրո և 6,750 եվրո, 2 գույքի օտարումից՝ 2.5 մլն և 2.4 մլն դրամ։
Բանկային հաշվեհամարներում Դավիթ Անանյանի կուտակումներն անցած տարվա ընթացքում բավականին աճել են, այսպես՝ տարեսկզբի 1 մլն 650 հազար դրամը տարեվերջին դարձել է 2.1 մլն դրամ, 2500 դոլարը՝ 7000 դոլար, 1500 եվրոն՝ 2000 եվրո։
2018-ին նա հանձնել է 3 մլն 393 հազար 200 դրամ փոխառություն, որից վերադարձվել է 2մլն 848 հազար դրամը։
Որևէ անշարժ կամ շարժական գույք հայտարարագրվախ չէ։
Հիշեցնենք՝ Հայաստանի կառավարության հունվարի 24-ի նիստից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ շռայլ պարգեւավճարների խնդրով խոստացավ․ «Համբերությամբ զինվեք, ես երբ ներկայացնեմ իմ տարեկան եկամուտների հայտարարագիրը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, դուք կտեսնեք իմ բոլոր թվերը»,- ասել էր նա։