Ոստիկանությունում բացահայտվել են շուրջ 400 մլն դրամի ֆինանսական խախտումներ ու չարաշահումներ (տեսանյութ)
Ոստիկանության ներքին անվտանգության վարչության իրականացրած ծառայողական քննությունների շրջանակում ձեռնարկված ծավալուն միջոցառումների և ոստիկանության ՊՊԳ վարչության ենթակա ստորաբաժանումներում կատարված ստուգումների արդյունքում նախնական հայտնաբերվել են հիշյալ ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված 394.826.218 դրամի ֆինանսական խախտումներ ու չարաշահումներ:
Ծառայողական քննությունների ընթացքում պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 144.704.246 դրամ:
Նկատի ունենալով, որ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել նշված գումարները յուրացման միջոցով հափշտակելու, ինչպես և պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ հանցագործությունների հատկանիշների առկայության վերաբերյալ, այդ արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությունների արդյունքներն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ խոշոր և առանձնապես խոշոր չափերով յուրացումների փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր և կատարվում է նախաքննություն, որի շրջանակում նշանակված լրացուցիչ ստուգումներով ճշտվում է պետությանը պատճառված վնասի իրական չափը: