9-րդ դասարանի աշակերտներին ուսուցիչները և ծնողները վախեցնում են ավարտական կենտրոնացված քննությամբ. Հարությունյան (տեսանյութ)
9-րդ դասարանի աշակերտներին ուսուցիչները և ծնողները վախեցնում են ավարտական կենտրոնացված քննությամբ: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտնեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Արարատի մարզից վերադառնալիս: Նա այնտեղ անակնկալ այց էր կատարել մի շարք դպրոցներ:
«Սա անթույլատրելի է: Սիրելի 9-րդ դասարանցիներ, իմացե՛ք, սա սովորական քննություն է: Որքան ձեզ վախեցնեն, այնքան արդյունքների վրա ազդելու է, որովհետև կաշկանդված գնալով քննության՝ դուք խնդիրներ եք ունենալու: Այնպես որ՝ գլուխներդ բարձր, դուխներդ տեղը, պարապեք, կգնաք քննությունների և կհավաստիանաք, որ վախենալու բան չկա, և ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց նա:
Հարությունյանը նշեց, որ գրադարաններում վաղուց նոր գրականություն չեն ստացել: Նրա խոսքերով՝ ԽՍՀՄ ժամանակաշրջանի գաղափարական գրքեր կան, շատ դեպքերում երեխաները դա չեն հասկանում: Նախարարի խոսքերով՝ տարվա ընթացքում գեղարվեստական գրքեր կտրամադրվեն: