Հայաստանում նվազել են հաշմանդամության պատճառով երեխայից հրաժարվելու դեպքերը
Հայտնի է, որ Հայաստանի նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր այցելել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպություն, որի նպատակն է կանխարգելել հաշմանդամության պատճառով նորածիններին լքելու գործընթացը, աջակցել մանկատան՝ հաշմանդամություն ունեցող սաներին, նպաստել երեխաների և նրանց կենսաբանական ընտանիքների միավորմանը:
Նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը եղել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպության, այսպես ասած, կեցավայրում՝ «Բարի տնակ»-ում, որի ջեռուցման հարցը լուծվել է ՀՀ նախագահի աշխատակազմի նվիրատվության արդյունքում: Նվիրաբերվել է 2 մլն 664 հազար դրամ:
Այցի ժամանակ տեղեկատվություն է տրամադրվել, թե քանի երեխայից են ընտանիքները հրաժարվել երեխայի՝ հաշմանդամություն ունենալու պատճառով:
«Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական տվյալների՝ 2014թ. գրանցվել է նորածին երեխաներից հրաժարվելու 67 դեպք, 2015 թվականին՝ 70, իսկ 2016-ին և 2017-ին այդ թիվը կտրուկ նվազել է, գրանցվել է համապատասխան 35 և37 դեպք»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ «Բարի մամա» կազմակերպության տվյալների՝ վերջին 4 տարում կանխվել է հաշմանդամության պատճառով երեխային լքելու 105 դեպք: Սա համարվում է բավական շոշափելի ցուցանիշ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մանկատներում բնակվում է մոտ 650 երեխա: