Ի տարբերություն Հայկ Մարությանի՝ Տարոն Մարգարյանը հրապարակում էր պարգևավճարների ցուցակը. Անի Սամսոնյան
Այո՛, պետական ծառայություն իրականացնող անձինք և պետական պաշտոնյաները իրավունք ունեն օրենքով պարգևատրվելու, բայց այստեղ կա հարցի այլ կողմը՝ ինչի՞ համար են այդ մարդիկ պարգևատրվում, ի՞նչ աշխատանքի դիմաց են այդ մարդիկ պարգևատրվում։ Այս մասին ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
Աշխատողներին պարգևավճարներով խրախուսելու պրակտիկան մեզ համար անընդունելի է, մենք ասում ենք՝ օպտիմալացրեք և բարձրացրեք աշխատավարձերը. «Դեռ նախկին իշխանություններից պահպանվել է այդ կամայական պարգևատրման պրակտիկան։ Շատ դեպքերում պարգևատրումների հիմնավորումները, թե ինչի համար են այդ պաշտոնյաները պարգևատրվել, պետական հիմնարկները չեն ապահովում թափանցիկություն, որ հանրություն էլ տեսնի, թե, օրինակ, շռայլորեն պարգևատրված մարզպետը այդ ընթացքում ինչ է արել կամ ինչ է փոխել»։
Անի Սամսոբնյանի համար հիմնավորում չէ նաև աշխատանքային ժամից երկար աշխատելը. «Պետական պաշտոնյայի աշխատանքային ժամերը ֆիքսված են, յուրաքանչյուրը պետք է տեղավորվի իր աշխատանքային ժամում, եթե նա աշխատում է այդ ժամից ավելի, նա պետք է ստանա հավելավճար, իսկ ես ինչ իմանամ գուցե մինչև կեսգիշեր աշխատող պաշտոնյան այդքան էլ արդյունավետ չի աշխատում և մեկ այլ պաշտոնյա լավ «թայմ մենեջմենթի» շնորհիվ անի դա 4-5 ժամում»։
Նա նաև հայտնեց, որ Երևանի ավանագու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կդիմի վարչական դատարան, քանի որ քաղաքապետարանը հրաժարվում է տրամադրել պարգևատրումների հավելվածը, որտեղ կերևա՝ թե ով ինչքան պարգևավճար է ստացել. «Հանրային միջոցների ծախսումը պետք է վերահսկվեն և լինեն թափանցիկ»։
Նրա խոսքով՝ իրենք կասկածներ ունե, որ Երևանի քաղաքապետարանում մարդիկ շատ բարձր պարգևավճար են ստացել, որը փորձ է արվում թաքցնել։
Անի Սամսոնյանը շեշտեց՝ Հայկ Մարությանի և Տարոն Մարգարյանի գործելաոճի մեջ տարբերությունը այն էր, որ ի տարբերություն Հայկ Մարությանի՝ Տարոն Մարգարյանը հրապարակում էր պարգևավճարների ցուցակը, թե ում ինչքան էր տրամադրվել։ Բացի այդ, նրա խոսքով, այս տարի տրամադրված պարգևավճարների չափը գերազանցում է նախորդ տարիներին տրված պարգևավճարների չափին։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը 2018 թվականին 474 մլն դրամ կամ 974 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել պարգևատրումներին: Միաժամանակ Երևանի քաղաքապետը հրաժարվել է ներկայացնել պարգևատրումների ցանկը, որտեղ նշված է, թե որ աշխատակցին որքան գումար է տրվել: Քաղաքապետարանից պատճառաբանել են, որ դա համարվում է անձնական տվյալների պահպանման խախտում։