Հեշտացնել բիզնեսը, հետաքրքրել ներդրողներին, հաղթահարել աղքատությունը․ Փաշինյանը EuroNews-ին ներկայացրել է առաջիկա անելիքները (տեսանյութ)
Հայաստանը մտադիր է քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսական հեղափոխության, և հենց այդտեղ են նախատեսվում հիմնական բարեփոխումներն այս փուլում։ Այս մասին Դավոսում EuroNews-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ առաջիկա անելիքների թվում են Հարկային օրենսգրքի փոփոխությունները՝ բիզնեսի ու ներդրումների միջավայրն ավելի գայթակղիչ դարձնելու համար, ինչպես նաև աղքատ քաղաքացիներին որևէ գործով զբաղվելուն մղելը՝ աղքատությունը հաղթահարելու համար։
«Պատրաստվում ենք ձևավորել նոր ուղղություն՝ միկրոբիզնես: Այն կազատվի բոլոր տեսակի հարկերից: Այս ճանապարհով մենք ցանկանում ենք խրախուսել մեր քաղաքացիներին, որ միջոցներ ձեռնարկեն, սկսեն բիզնես գործունեություն և օգնեն կառավարությանը, կառավարության հետ միասին հաղթահարեն աղքատությունը», – ասել է Փաշինյանը։