Սխալ մեկնաբանություն կա, թե Օպերայի կանաչ գոտու վերականգնումը քաղաքապետի կամ իմ նախագիծն է․ Մեսչյան
Օպերայի տարածքի կանաչապատ գոտու վերադարձը քաղաքապետ Հայկ Մարությանի կամ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի քմահաճույքը չէ, թեև այդպիսի մեկնաբանություններ կան։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ինքը՝ Մեսչյանը։
Նա հիշեցրեց, որ սրճարաններից ազատվելու է միայն մեկ գոտին, ու դրա վերաբերյալ վաղուց կային բողոքներ։ Մեսչյանի խոսքով՝ բոլոր երևանցիներն էլ կցանկանային, որ այդ տարածքի մի մասը վերադարձվեր որպես կանաչ գոտի։ Ավելին, դա, ըստ ճարտարապետի, «խեղդվելուց» կազատի հենց օպերային թատրոնին ու դրան կվերադարձնի իր միջավայրը։
«Զարմանալին այն է, որ հիմա, երբ հնարավորություն կա դա անելու, շատ տարօրինակ խոսակցություններ են գնում, թե ոչինչ չարած արդեն քանդում են, և այլն, և այլն, ինչը շատ զարմանալի է», – ասաց Մեսչյանը՝ հիմնավորելով, որ նույնիսկ բիզնեսները չեն տուժում սրանից։
Նա, սակայն, չի մեղադրում սրճարանների սեփականատերերին․ մեղավորը այդ տարածքի զավթումը թույլ տվողներինն է, որովհետև եթե բիզնեսը հնարավորություն ունենա, կանի ամեն ինչ։