Ճանապարհային ոստիկանները չեն լինի միայն երթևեկության կանոնների խախտումներ արձանագրողներ. Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
Ճանապարհային ոստիկանությունում կառուցվածքային փոփոխություններին հետո կընդլայնվեն ճանապարհային ոստիկանների գործառույթները։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը։
«Ճանապարհային ոստիկանությունում կառուցվածքային փոփոխությունները պայմանավորված են ՃՈ գործառութային պարտականությունների սահմանների ավելացմամբ։ Այսինքն՝ Ճանապարհային ոստիկանության հիմքի վրա նախատեսվում է ստեղծել հասարակական անվտանգության ոստիկանություն, որը կարձագանքի ոչ միայն ճանապարհային երթևեկության անվտանգության հիմնախնդիրներին, իրավախախտումներին, այլ նաև մյուս իրավախախտումներին և ստուգում պահանջող հանցագործության դեպքերին»,– նշեց նա։
Պատգամավորի խոսքով՝ ներկայումս այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում,
ուսումնասիրվել է միջազգային փորձը և հատկապես Վրաստանի Հանրապետության
փորձը. «Վրաստանում բավականին լավ արդյունքներ կան այս ուղղությամբ, իհարկե
ամբողջովին վրացական տարբերակը չի կիրառվելու Հայաստանի Հանրապետությունում, քանի որ այստեղ մենք ունենք տեղական խնդիրներ, որոշակի առանձնահատկություններ, ինչը հաշվի առնելով՝ մենք կունենանք մեր պարեկային ոստիկանությունը»։
Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ՝ նախատեսվող փոփոխություններից հետո պարեկը՝ ոստիկանը, կարձագանքի բոլոր իրավախախտումների դեպքերին՝ կլինի հասարակական կարգի խախտում, ընտանեկան վեճ, ծեծ, գողություն։
«Նրանց գործառույթների մեջ կմտնի երթևեկության կանոններին հետևելը, սակայն դրանց կավելացվի նաև նշյալ գործառույթները»,– նշեց նա։
ՃՈ պետի նախկին տեղակալը, սակայն, հավելեց, որ ՃՈ ուժերն ու միջոցները բավարար չեն իրենց առջև դրված խնդիրները լուծելու համար, այդ է պատճառը, որ առաջիկայում նախատեսվում է ավելացնել վերակարգերի քանակե. «Երկու անգամ կավելանան պարեկները։ Շեշտը կդրվի կանխարգելելու, ոչ թե իրավախախտումը կատարելուց հետո հայտնաբերելու գործառույթի վրա»,– եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն Խաչատրյանը հայտարարել էր, որ Ճանապարհային ոստիկանություն, որպես այդպիսին, չի լինելու, լինելու է հասարակական անվտանգության ոստիկանություն, որի գործառույթների մեջ կմտնի բոլոր իրավախախտումներին, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության խախտումներին արձագանքելը: