Նարեկ Գուրուրյանին Հայաստան տեղափոխելու մասին դեռ վաղ է խոսել, կան ընթացակարգեր. փաստաբան
Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից Նարեկ Գուրուրյանին Հայաստանին արտահանձնելու մասին խոսելը դեռ վաղ է: Փաստաբան Նորայր Նորիկյանը Shantnews.am-ի հետ զրույցում նշեց` ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով ՀՀ քաղաքացիները, անկախ նրանից, թե որտեղ են՝ ՀՀ տարածքից դո՞ւրս են, թե՞ ոչ, ՀՀ պաշտպանության ներքո են, բայց այս փուլում հնարավոր չէ անդրադառնալ արտահանձնման հարցին:
«Հաշվի առնելով, թե որ երկրում է կատարվել հանցագործությունը, այդ երկրում պետք է օբյեկտիվ քննություն իրականացվի, ապա դատավարություն, և եթե նշված անձը մեղավոր ճանաչվի Ղազախստանի Հանրապետության իրավասու դատարանի կողմից, այդ դատական ակտը պետք է մտնի օրինական ուժի մեջ, անձը ենթարկվի քրեական պատասխանատվության և ազատազրկման:
Դրանից հետո գոյություն ունեն միջազգային կոնվենցիաներ, այդ թվում՝ դատապարտյալներին փոխանցելու մասին կոնվենցիա, և եթե ՀՀ-ի կամ դատապարտյալի կողմից համապատասխան միջնորդություն կներկայացվի` հետագա պատիժը կրելու համար նրան տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, բնականաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերով, կոնվենցիաներով սահմանված կարգերով ու ընթացակարգերով նշված անձի` որպես դատապարտյալի տեղափոխումը կիրականացվի, բայց այս պահին շատ վաղ է խոսել այդ մասին»,- ասաց նա:
Փաստաբանը համոզված է` Գուրուրյանի արտահանձնումը Ղազախստանին կատարվելու է. եթե նա ՌԴ քաղաքացի լիներ, չէին արտահանձնի՝ հաշվի առնելով, որ նա ՀՀ քաղաքացի է, և եթե նա կարողանար գալ Հայաստան, Հայաստանը ևս կարող էր չարտահանձնել Գուրուրյանին: