Մանվել Գրիգորյանի փաստաբանը չի բացառում` կարող են մտափոխվել և ՄԻԵԴ դիմել
«Հիմա ունենք էն, ինչ ունենք: Դատավորի տրամադրվածությունն ակնհայտ էր ու պարզ: Բոլոր միջնորդությունները քննել էր հենց այդ նախագահող դատավորը, նա նախկին կալանքները տվող դատավորի գործընկերն էր: Բնականաբար, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել»,- ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանավորման մասին այսպես արտահայտվեց նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը:
Հունվարի 22-ին լրագրողների հետ զրույցում փաստաբանը նշեց, որ պաշտպանական կողմը պատրաստ էր նման լուծումների, բայց այնուամենայնիվ պետք է աշխատեն և իրականացնեն իրենց իրավապաշտպան գործունեությունը:
Հարցին` արդյոք հնարավո՞ր է` այս որոշումից հետո պաշտպանական կողմը մտադրությունը փոխի և դիմի ՄԻԵԴ, Արսեն Մկրտչյանը պատասխանեց, որ հնարավոր է:
«Քանի որ դեռևս պատշաճ կերպով չենք ծանոթացել որոշմանը, կուսումնասիրենք, և ես կարծում եմ, որ այսուհետ ոչ մի բան էլ չենք բացառի»,- ասել է պաշտպանը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի փաստաբաններից Լևոն Բաղդասարյանը օրերս հայտարարել էր` ՄԻԵԴ չեն դիմելու: