Նիդերլանդերից հայկական ընտանիք է արտաքսվելու
Չնայած Նիդերլանդներում ապաստան գտած երեխաների արտաքսման դեմ բողոքի շուրջ ծավալված քաղաքական բանավեճերին, երկուշաբթի Նիդերլանդներից հայկական ընտանիք է արտաքսվելու, այդ թվում՝ 3 երեխա՝ 8, 5 և 3 տարեկան: Այս մասին տեղեկացնում է հոլանդական RTL Nieuws լրատվամիջոցը:
RTL Nieuws -ի հետ զրույցում ընտանիքի փաստաբանն ասել է, որ ինքը մինչև վերջին րոպեն պայքարել է արտաքսման դեմ, սակայն ապարդյուն:
Նշվում է, որ Նիդերլանդներից Հայաստան արտաքսվող Գրիգորյանների ընտանիքն այդ երկրում հաստատվել է 2010 թվականին:
«Բոլոր մեր երեխաները ծնվել են Նիդերլանդներում: Սա նրանց տունն է», – ասել է երեխաների հայրը:
Հոր խոսքով՝ երկու տարի առաջ բեռնատարը հարվածել է 8-ամյա դստերը, և նա դեռ վատառողջ վիճակում է:
«Նա չի կարողանում լավ քնել: Նա բժշկական օգնության կարիք ունի: Բացի այդ, նա չի ուզում գնալ Հայաստան: Իմ երեխաները չեն խոսում այդ լեզվով (խմբ.- հայերեն): Նրանք այնտեղ (խմբ.- Հայաստան) երբեք չեն եղել: Այդ պատճառով էլ մենք չենք ուզում լքել այս երկիրը: Նիդերլանդները մեր տունն է», – ասել է հայրը:
Նշենք, որ Նիդերլանդների խորհրդարանը քննարկում է երկրում 5 և ավելի տարի ապօրինի ապրած երեխաների արտաքսումը չեղարկելու հարցը: