Վերաքննիչ դատարանը հրապարակում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով որոշումը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությմաբ հրապարակում է նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։
Որոշման հրապարակմանը զուգահեռ վերաքննիչ քրեական դատարանի շենքի առջև մարդկանց փոքրաթիվ խումբը բողոքի ակցիա է իրականացնում Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով:
Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: