Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության գործով 5 մարդ է ձերբակալվել. Դատախազություն
Հայաստանի գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հունվարի 17-ին Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում տեղի էր ունեցել վիճաբանություն:
Մի խումբ երիտասարդներ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, փայտյա և երկաթյա մահակներով հարվածներ էին հասցրել Դ.Ա.-ին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենային և վնասել այն:
Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ Հայաստանի ոստիկանության Արաբկիրի բաժնում դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ Հայաստանի ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, բաժին բերման էին ենթարկել վիճաբանության մասնակիցներին: Հունվարի 21-ին Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի հանձնարարությամբ առերևույթ հանցանք կատարած 5 անձ ձերբակալվել է: