Արայիկ Խանդոյանի դեմ հարուցված քրեական գործը չի կարճվել. փաստաբան
Արայիկ Խանդոյանի դեմ հարուցված քրեական գործը մահվան հիմքով չի կարճվել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը։
«Արայիկ Խանդոյանի կինը որպես իրավահաջորդ է ներգրավվել, եւ պահանջելու ենք արդարացման դատավճիռ»,– ասաց նա։
Փաստաբանն ասաց, որ Արայիկ Խանդոյանի մահվան դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ հայտնի չեն, դրանք հրապարակվելուց հետո ինքը հանդես կգա հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը մահացել է հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Գյումրիում՝ սրտի կաթվածից։ Ազատամարտիկ, «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը հուղարկավորվել է հոկտեմբերի 14-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Արայիկ Խանդոյանը կալանավորվել էր 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գունդ գրավելու, պատանդ պահելու եւ զենք-զինամթերք օգտագործելու մեղադրանքով։ 2018 թ. օգոստոսի 18-ին դատարանի որոշմամբ փոխվել էր Խանդոյանի խափանման միջոց կալանավորումը. նա ազատ էր արձակվել պատգամավորների անձնական երաշխավորությամբ։