Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ:Ուղերձում ասված է.
«Դատական համակարգի հարգելի՛ աշխատակիցներ և վետերաններ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե
շնորհավորում եմ ձեզ Դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ:
Սա ևս մեկ առիթ է արժևորելու ու կարևորելու ձեր առանցքային դերակատարությունը օրինականության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության, մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և պետականաշինության գործում։
Տարիներ շարունակ իրականացված բարեփոխումների և սկզբունքային քաղաքականության նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական
իշխանություն, որի զարգացմանն ու կատարելագործմանը, դատական մարմինների և
դատավորի լիարժեք անկախության ու ինքնուրույնության ապահովմանն ուղղված
աշխատանքներն այսուհետ ևս պետք է լինեն հետևողական ու կրեն շարունակական
բնույթ:
Դատական համակարգի և գործող դատավորների առաջնահերթ խնդիրներից եղել և
մնում է օրենքի տառին ու ոգուն, արդարադատության սկզբունքներին խստագույնս
հետևելն ու դրանցով առաջնորդվելը: Համոզված եմ, որ դա մշտապես կլինի ձեր գործունեության հիմքում և կօգնի արդյունավետորեն իրականացնել ձեր գործառույթները։
Պետությունը կշարունակի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դատական համակարգի
աշխատողների աշխատանքային և սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման ուղղությամբ:
Թանկագի՛ն բարեկամներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում բոլորիդ հաջողություններ աշխատանքում ու ընտանիքում»: