Այս տարի շատ ավելի ծանրաբեռնված են աշխատել.Արմավիրի մարզպետը՝ պարգևատրումների մասին
Արմավիր մարզպետարանում պարգևատրումները եղել են ոչ թե բյոջեի հաշվին, այլ մարզպետարանի խնայողությունների հաշվին։ Այս մասին ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը՝ անդրադառնալով մարզպետարանում տարեվերջյան պարգևատրումներին։
«Հաշվի առնելով տարեվերջյան լարվածությունը ստուգումների հետ, կոնկրետ մարդիկ կան, որ մի շարք հանձնաժողովների մեջ են ընդգրկված, միշտ ստուգումների մեջ են, չեն օգտվում սոցփաթեթներից և այլ առավելություններից ի տարբերություն քաղծառայողների, որոնց պարգևատրումները ուրիշ եղանակով են կատարվում, հետևաբար տարին մեկ անգամ ես որոշում եմ կայացել նաև հայեցողական պաշտոններ զբաղեցնողներին ընդգրկել։ Նորից եմ կրկնում, որ այդ ամեն ինչն ամեն տարի եղել է, բայց այս տարի շատ ավելի ծանրաբեռնված են աշխատել»,– ասաց մարզպետը։
Մարզպետը նշեց, որ բոլոր պարգևատրվածները նախկինում էլ պայմանագրային հիմունքներով աշխատել են մարզպետարանում, իսկ պարգևատրման չափն իրենք չեն որոշել, այլ վարչապետի աշխատակազմն է որոշել։
«Մարզպետներն իրենց պարգևատրման չափը իրենք չեն որոշում, այդ ամեն ինչը
համաձայնեցվում է վարչապետի աշխատակազմի հետ, այլ կերպ չէր կարող լինել, քանի որ մենք իրավասու չենք որոշում կայացնել մենք մեզ ինչքան պարգևատրենք»,– ասաց նա։
Նշենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանն իր դեկտեմբերի 25-ի կարգադրությամբ, աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին միանվագ դրամական պարգատրմամբ խրախուսել է իրեն, տեղակալներին, օգնականներին, ինչպես նաև մարզպետի տեղակալի օգնականին։
Արմավիրի մարզպետն իրեն պարգևատրել է հիմնական աշխատավարձի ամբողջ
գործակցով (մեկ ամսվա աշխատավարձի չափ), իսկ մյուսներին՝ 0,5756: Այս
կարգադրությամբ պարգատրման ընդհանուր գումարը կազմում է մոտ 1 մլն 718 հազար դրամ: