Արմեն Սարգսյանն անհատապես նախնական հրավեր է ունեցել՝ մասնակցելու շվեյցարական Դավոսում անցկացվելիք Համաշխարհային տնտեսական ֆորումին․ Նախագահական
Նախագահ Արմեն Սարգսյանն անհատապես նախնական հրավեր է ունեցել՝ մասնակցելու շվեյցարական Դավոսում անցկացվելիք Համաշխարհային տնտեսական ֆորումին: Այս մասին հայտնեցին Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Արմեն Սարգսյանը տարբեր տարիների բազմիցս մասնակցել է այդ ֆորումին, եղել ֆորումի Էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ:
Միջազգային տնտեսական հայտնի Capital Finance International ամսագրի 2018-2019թթ. ձմեռային համարում, որը նվիրված է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին եւ տարածվելու է ֆորումի մասնակիցներին, տպագրված է նաեւ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը:
Նախագահ Սարգսյանը ողջունում է, որ այս տարի Հայաստանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու է մեծ պատվիրակությամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- ասված է պատասխանում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-25-ը լինելու է Դավոսում՝ մասնակցելու միջազգային տնտեսական համաժողովին:
Հիշեցնենք նաև, որ Դավոսի համաժողովին այս տարի չմասնակցելու իրենց մտադրության մասին հայտարարել են Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ղեկավարները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր չմեկնելու մեջ մեղադրել է դեմոկրատներին:
«Սահմանների անվտանգության հարցում Դեմոկրատների անհաշտության և մեր երկրի համար անվտանգության մեծ նշանակության պատճառով հարգանքով չեղյալ եմ հայտարարում իմ շատ կարևոր այցը շվեյցարական Դավոս,- գրել է Twitter-ում նա:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ չմասնակցելու վերաբերյալ հայտարարության մեջ ասվում է, որ Ֆրանսիայի ղեկավարը չի կարողանա ներկայանալ համաժողովին՝ աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով:
Նշենք, որ համաժողովի թեման ձևակերպված է այսպես՝ «Գլոբալացում 4:0. գլոբալ ճարտարապետության կառուցումը չորրորդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակաշրջանում»