Պարեկայինները կկատարեն նաև ճանապարհային ոստիկանի գործառույթներ. Սերգեյ Ղահրամանյանը` մշակվող փոփոխության մասին
«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ մշակվում է ճանապարհային ոստիկանության գործելաոճի փոփոխություն, այսինքն՝ պարեկային ծառայություն իրականացնողներն էլ կկատարեն ճանապարհային ոստիկանի գործառույթներ: Ղահրամանյանի պնդմամբ՝ այս պահին ճանապարհային ոստիկանների քանակը քիչ է, որոնք ամեն օր կատարում են ստատիկ ծառայություն: Դա հանգեցնում է նրան, որ քաղաքի շատ հատվածներ դուրս են մնում ՃՈ-ի տեսադաշտից.
«Տեղերում ծառայություն իրականացնողների քանակն է շատացել, դա նաև գալիս է խցանումներից, որոնք փորձում են խցանումները բացել: Փոփոխության դեպքում շարժման մեջ գտնվող ճանապարհային ոստիկանների թվաքանակը զգալի կմեծանա: Նույնիսկ ամեն թաղամասում մեկ տասնյակից ավելի կարգախումբ կլինի»,- հայտարարեց Սերգեյ Ղահրամանյանը:
Ըստ բանախոսի՝ այդ փոփոխությունը դրական արդյունք կունենա, որովհետև այն վարորդները, որոնք իրենց օրենքից դուրս են համարում, մշտապես կլինեն ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում: Փոփոխությունը, սակայն, ֆինանսական աջակցության խնդիր ունի, դրա համար էլ Սերգեյ Ղահրամանյանը դժվարանում է ասել, թե դա կիրականացվի:
Հիշեցնենք, որ «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիրն անդրադարձել է նաև ՃՏՊ-ների թվի ավելացմանը: