Ոստիկանությունում պարգևատրվել են քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ
Հունվարի 19-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ ոստիկանությունում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին ոստիկանության պետի տեղակալներից, կոլեգիայի անդամներից զատ ներկա էին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ծառայողներ։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: «Այսօր իմ հրամանով ոստիկանության հետ համագործակցության ամրապնդման, համատեղ միջոցառումների իրականացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ ներկայացվել են պարգևատրման։
Անչափ կարևոր է այս երկու գերատեսչությունների համագործակցությունը, հատկապես հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման առումով, համագործակցություն, որ տարեցտարի էլ ավելի է ամրապնդվում, և կարծում եմ՝ շարունակական բնույթ կկրի»,- ասել է ոստիկանության պետը։ Այնուհետ սկսվել է պարգևատրման արարողությունը:
«Օրենքի պատվար» և «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով պարգևատրվել են արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ։
Շնորհակալություն հայտնելով պարգևատրումների համար՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից ոստիկանությանը հուշանվերներ հանձնել են նաև հյուրերը։
Ամփոփիչ խոսքում Վալերիյ Օսիպյանը շնորհավորելով ներկաներին` ընդգծել է գերատեսչությունների փոխգործակցությունը ի շահ քաղաքացու, ի շահ հայրենիքի է և միայն ակտիվ մասնակցությամբ ու նվիրումով այն կարելի է ամրապնդել ու խորացնել։