Մի բան ակնհայտ է, որ նախարարությունների թիվը կրճատվելու է. այդ գործընթացը պետք է տանել մաքսիմալ սահուն. Փաշինյան
Կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված է կառավարության անդամների 2/3-ը:Մենք կգնանք այդ ճանապարհով, կառավարության անդամների 2/3-ը կնշանակվի, իսկ 1/3-ը չի նշանակվի, քանի դեռ մենք մինչև վերջին դետալը չենք հստակեցրել կառավարության կառուցվածքի փոփոխությունների հետ կապված հարցերը:
Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, մի բան ակնհայտ է, որ նախարարությունների թիվը կրճատվելու է և ուղղակի այս գործընթացը պետք է տանել մաքսիմալ սահուն, անցնցում և կանխատեսելի ճանապարհով:
«Այդ պատճառով կգնանք այսպիսի ճանապարհային քարտեզով»,-ընդգծեց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ կառավարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ և շրջանառության մեջ է դրել կառավարության կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը, որով նախատեսվում է նախարարությունների թիվը 17-ից դարձնել 12: Փաստաթուղն այժմ քննարկումների փուլում է պատկան գերատեսչությունների կողմից: