Եզդիներն ունեն մեծ սփյուռք, որն օժտված է մեծ ռեսուրսներով, սակայն չկա համակարգող կենտրոն. Ռուստամ Բաքոյան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը խորհրդարանում նշեց, որ նախորդ իշխանություններից ժառանգվել է մի համակարգ, որն ազգային փոքրամասնությունների ոլորտում բազմաթիվ թերություններ ունի, դրանցից մեկը ձևակերպեց որպես խնդիր:
Բաքոյանն ասաց, որ ՀՀ կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներն ու օրենսդրությունը նախատեսում են հավասար պայմաններ ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման ու մեդիահնարավորությունների համար, դրա համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տրվել է եթերաժամ, որը չի օգտագործվել: Եթերաժամն, ըստ Բաքոյանի, հնարավորություն էր տալիս ազգային փոքրամասնություններին իրենց խնդիրները ներկայացնել, բարձրաձայնել որպես մշակութային երկխոսության լավագույն հարթակ, սակայն այն մինչ օրս չի գործել: Պատգամավորը հարց ուղղեց Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Մխիթար Հայրապետյանին` որպես հանձնաժողովի նախագահ ո՞նց է պատկերացնում այս խնդիրների լուծումը:
«Հայաստանի Հանրապետությունն անուղղակիորեն ստանձնել է պետություն չունեցող ազգերին մի տանիքի տակ համախմբելու առաքելություն: Եզդիներն ունեն մեծ սփյուռք, որն օժտված է ֆինանսական ու քաղաքական մեծ ռեսուրսներով, սակայն չկա համակարգող կենտրոն: Արդյո՞ք Հայաստանը կկարողանա այնպիսի օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ, որ այդ ռեսուրսը կարողանանք շահավետ օգտագործել ու փոխշահավետ համագործակցություն լինի ազգային փոքրամասնությունների ու մեզ համար»,- հետաքրքրվեց նա:
Մխիթար Հայրապետյանը վերահաստատեց ՀՀ որդեգրած դիրքորոշումը, այն է` ՀՀ քաղաքացի համարվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիների համեմատ որևէ խտրականություն դրսևորվելու դեպքում այն նոր իշխանությունների կողմից կոշտ գնահատականի է արժանանալու:
«Մենք հստակ արձանագրել եք, որ ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է պաշտպանվեն, մենք, որպես պետություն, ստանձնել ենք այդ պատասխանատվությունը և հետևողական ենք լինելու: Ես բաց եմ բոլոր տեսակի քննարկումների, առաջարկների համար` ներկայացնելու գործադիրին, որովհետև այո, այդ հարթակը միանշանակ պետք է օգտագործվի, օգտագործվի առավելագույնս, սա միայն խրախուսելի կլինի մեզ համար»,- ասաց նա: