Արմեն Խաչատրյանն առաջարկում է ԱԺ-ում Սփյուռքի ներկայացուցիչներից կազմված վերին պալատ ստեղծել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը հունվարի 16-ին խորհրդարանում հանդես եկավ առաջարկով` ուղղված Հայաստանի կյանքին Սփյուռքի ավելի ակտիվ ներգրավվածության ապահովմանը: Նա նշեց, որ «Քաղաքացիական պայմանագրի» հիմնական նպատակներից մեկը հայության մարդկային, ֆինանսական և ինտելեկտուալ ներուժի կենտրոնացումն է Հայաստանի Հանրապետությունում, որին ձգտում է ցանկացած հայ: Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ թռիչքային մեծ հաջողություններ կարձանագրվեն, եթե գոնե մասամբ սա իրականացվի:
«Մենք պահանջել ենք Սփյուռքից օգնել, սատարել, մեզ միշտ ձեռք են մեկնել: Մենք պահանջել ենք, բայց ոչինչ չենք տվել: Համահայկական հիմնադրամում հավաքագրվում է համամասնորեն գրեթե յուրաքանչյուր հայից 2 դոլար, սա հայրենասիրության պակաս չի նշանակում, նշանակում է մի բան՝ համայն հայության վատ կազմակերպվածություն: Այդ ներուժը ակտիվացնելու, Հայաստանում կենտրոնացնելու, համապետական սոցիալական, քաղաքական վերելք ապահովելու համար առաջարկում եմ հնարավորություն ստեղծել, ապահովել Սփյուռքի մասնակցությունը ՀՀ քաղաքական կյանքին», – ասաց նա:
Խաչատրյանն առաջարկեց խորհրդարանում Սփյուռքի ներկայացուցիչներից կազմված վերին պալատ ստեղծել, ապա ընդգծեց` ինչ կառույցներ էլ ստեղծեն, դրանք արդյունավետ չեն գործի, քանի դեռ այնտեղ չեն լինի ներկայացուցիչներ Սփյուռքից. վերջիններիս ներկայությունը, ըստ Խաչատրյանի, պարտադիր պայման է: