Ապօրինի կենդանիների առք ու վաճառք չկա, չի կարող լինել. ես դատի կտամ բոլորին, ով խաղում է իմ և եղբորս անվան հետ. Արտյոմ Վարդանյան
«Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում քննարկել է Հայաստանի տարածքի հնարավոր օգտագործումը Կարմիր գրքում ընդգրկված կենդանիներին թրաֆիքինգի ենթարկելու պայմաններում:
2016թ. մարտի 23-ին Տանզանիայի «Կիլիմանջարո» միջազգային օդանավակայանում ձերբակալվել էին ազգությամբ հայ 52-ամյա Արտյոմ Վարդանյանը և նրա եղբայրը՝ 44-ամյա Էդուարդ Վարդանյանը: Տանզանական The Citizen պարբերականը հաղորդում էր, որ եղբայրները փորձել էին բեռնատար ինքնաթիռով Ալբանիա տեղափոխել 61 կապիկ: Ամիսներ անց նրանք գրավի դիմաց ազատ էին արձակվել:
«Մենք ուզում էինք մեր կողմից գնված ապրանքը կապիկների ինքնաթիռով ուղարկել: Այդ ժամանակ որոշ լրատվամիջոցներ Տանզանիայում անանուն նամակ են գրել Տանզանիայի բնապահպանության նախարարին: Մենք այդ կապիկներին չէինք էլ տեսել և դրանց հետ ոչ մի կապ չունենք: Մենք հայտնվել էինք ոչ ճիշտ ժամանակում, ոչ ճիշտ վայրում: Այստեղ խնդիրը մենք չէինք, այլ վճարովի լրատվամիջոցները դիտմամբ էին գրել այդ հոդվածը, որպեսզի կապիկները չարտահանվեն երկրից: Մեզ անիմաստ տեղն են ձերբակալել»:
Արտոմ Վարդանյանի խոսքով՝ Հոլանդիայի հյուպատոսը չորս անգամ այցելել է իրենց, հակառակ դեպքում իրենք աֆրիկյան բանտում չէին կարող մնալ: Արտյոմ Վարդանյանի գործընկեր Արթուր Խաչատրյանն էլ իր հերթից նշեց, որ իր կողմից բերված կապիկների ամբողջ փաստաթղթերն օրինական էին, սակայն բոլոր կենդանիներին բաց թողեցին:
Արտյոմ Վարդանյանը նշեց, որ իրենցից ներողություն են խնդրել: Բանախոսը նաև տեղեկացրեց, որ Երևանի կենդանաբանական այգու կենդանիների մեծ մասը բերել է հենց Արթուր Խաչատրյանը:
«Ապօրինի կենդանիների առք ու վաճառք չկա, չի կարող լինել: Ես դատի կտամ բոլորին, ով խաղում է իմ և եղբորս անվան հետ: Ես մինչև վերջ գնալու եմ»,- ասաց նա:
Արթուր Խաչատրյանը ևս նշեց, որ եթե իր հասցեին մեղադրանքները չդադարեն, ինքը դատի կտա իրեն զրպարտողներին, քանի որ իր ընկերությունը՝«Զոու Ֆաունա Արտ»-ը, ոչ մի անօրինական բանով չի զբաղվում: