Ազգային փոքրամասնությունների հարցն իշխանություն-ընդդիմություն տիրույթում չէ. Արարատ Միրզոյան
Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության անդամ Կնյազ Հասանովը, հունվարի 16-ին խորհրդարանում ելույթ ունենալով, նշեց, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների համար մշտապես պայմաններ են ստեղծվել`պահպանելու իրենց լեզուն, մշակույթը և այլն, իրենք այսօր ունեն ռադիոհաղորդումներ, սովորում են իրենց լեզուներով, ունեն ազգային թերթեր, որ հրատարկվում են, ֆինանսավորվում են կառավարության կողմից, թեպետ չնչին է այդ ֆինանսավորումը:
Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ բոլոր իշխանություններից, կառավարություններից` այս հոգատարության համար, ապա հետաքրքրվեց` Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովն իր ուշադրության կենտրոնում կպահի՞ ազգային փոքրամասնության առկա և առաջացող հարցերը:
Հանձնաժողովի նախագահի թեկնածու Մխիթար Հայրապետյանը նշեց, որ չի պատկերացնում որևէ օրենսդիրի, որ բացասական պատասխան տար այս հարցին, բայց նաև նշեց`այն մոտեցումը, որի համար շնորհակալություն է հայտնում, նախկին իշխանությունից է գալիս, նոր իշխանությունների համար դա էլ ավելի կարևոր է:
Հայրապետյանը նաև հայտնեց, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, տրվող ծառայություններին իրենց կողմից նոր մոտեցում է ցուցաբերվելու, ԱԺ ձևավորվելիք հանձնաժողովն իր ուշադրության կենտրոնում է պահելու ազգային փոքրամասնությունների հետ կապված բոլոր տեսակի խնդիրները:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց, որ այս հարցն իշխանություն-ընդդիմություն տիրույթում չէ, ընդգծեց` ՀՀ քաղաքացիների մասին է խոսքը, բոլորի բոլոր հնարավոր իրավունքները, որ սահմանված են, պահպանվում են և պիտի հարգվեն: