«Ախպեր, խի՞ կրակեցիք, ի՞նչ էի արել». մանրամասներ ՊՊԾ գնդի գրավման մասին. մեղադրյալի ցուցմունքը
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքնության ժամանակ այսօր հրապարակվել են քրեական գործից անջատված մասով մեղադրյալներ Կարեն Հակոբյանի ու Վահե Պետրոսյանի նախաքննական ցուցմունքները:
Դատարանը նախ հրապարակեց Կարեն Հակոբյանի նախաքննական ցուցմունքը, քանի որ վերջինս հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ, հրաժարվեց նաև իր նախաքննական ցուցմունքներից, սակայն ասաց, որ կպատասխանի դատարանի հարցերին: Կարեն Հակոբյանը պատմել է նախաքննական մարմնին, որ զինված խմբում ներգրավվել է հոր` Մարտիրոս Հակոբյանի միջոցով:
«Հայրս ասաց, որ ամեն գնով պիտի երկրում հեղաշրջում կատարվի, Սեֆիլյանը բանտում է, սակայն շարժումը կգլխավորի Վարուժան Ավետիսյանը: Հայրը հարցրել է`կա՞ն արդյոք հավատարիմ մարդիկ, ովքեր կարող են միանալ շարժմանը: Հայրս տեղեկացրել է, որ շարժմանը մասնակցելու է նաև Պավլիկ Մանուկյանը: Հայրս անգամ չի մասնակցել սեփական մոր թաղմանը Քաշաթաղում, քանի որ ասել է, որ կարևոր գործեր կան, հեղաշրջում կատարելուց հետո բոլորով կգնան տատի գերեզմանին»:
Կարեն Հակոբյանը հարցրել է` կա՞ն դրսից օգնող ուժեր և ֆինասավորողներ: Հայրս պատասխանել է, որ կան: Այն հարցին, թե ովքե՞ր են` հայրն ասել է, որ դա քեզ չի վերաբերվում:
«ՊՊԾ գնդի գրավումից մեկ օր առաջ հայրս զանգեց և կանչեց ինձ: Ինձ միացան նաև ընկերներս` Վահե Պետրոսյանը և Արայիկ Հակոբանը: Ովքեր կփոշմանեն և չեն մասնակցի` կպահվեն իրենց մոտ, որպեսզի իրավապահ մարմինները չիմանան այս ամենի մասին, ասել է հայրս»,-նշել է Կարեն Հակոբյանը:
Մեղադրյալը պատմել է, թե ինչպես են մեքենայով մոտեցել ՊՊԾ գնդին, իրենց հետ էլի կային մեքենաներ: Ներսում արդեն կային մարդիկ, մեքենայում մինչ այդ եղած պարկերն արդեն դատարկ էին: Դրանցում եղած զենքերը բաժանվել էին: Դրսում տեսել է նաև Պավլիկ Մանուկյանին և մյուսներին: Կարեն Հակոբյանը պատմել է, որ մի քանի րոպե անց բերել են Վալերի Օսիպյանին: Պավլիկ Մանուկյանն ասել է`«Տեսա՞ր Օսիպյան, քեզ էլ չեն խնայում»:
«Ես որոշեցի փախնել Վահեի հետ: Նկատեցի, որ ավտոտնակի ու պատի արանքում կար բաց տարածք, հանեցինք բրոնեժիլետները, բարձրացանք պատի վրա ու փախանք: Ատրճանակները նետեցինք գետնին, բայց փամփշատակալները մնացին մեր մոտ: Ոտքով հասանք Չարբախ թաղամաս»:
Մեղադրյալը նաև պատմել է, որ Պավլիկ Մանուկյանի ու մյուսների ձեռքերին եղել են ինքնաձիգներ, այդ թվում իր հոր`Մարտիրոս Հակոբյանի: Ոմանց ձեռքում կային ատրճանակներ: Գնդում նկատել է վիրավոր ոստիկանի, որի կողքին էին Արմեն Բիլյանն ու Էդվարդ Գրիգորյանը: Թե ո՞վ է կրակել, չգիտի, ոստիկանը խնդրել է «սկորի» կանչել: Ոստիկանը հարցրել է`«Խի՞ ախպեր, ի՞նչ էի արել, որ կրակեցիք»: Բիլյանն ասել է` «Քեզ ասեցինք խախանդ կայնի, մնա: Գոհ եղի, որ ձեռքիդ է կպել, դրանից ոչ ոք չի մահացել դեռ»:
Մեղադրյալը դատարանում հայտարարեց, որ այդ ցուցմունքները տվել է հոգեբանական ճնշման հետևանքով: Դրանք իրականությանը չեն համապատասխանում: Նրան փաստաբան չեն հատկացրել, ցուցմունքները տվել է առանց փաստաբանի: Իսկ փաստաբան հատկացրել են արդեն այն ժամանակ, երբ ցուցմունքներ տվել էր: