Եթե մենք ԵՏՄ անդամներ ենք, ապա ցանկանում ենք ազատ տեղաշարժ տեսնել. դա որոշ երկրներին դուր չի գալիս. Հովհաննես Իգիթյան
ԵՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները ավելի շատ իմիտացիոն բնույթ են կրել: Հունվարի 16-ին Ազգային ժողովում այս մասին հայտարարեց իշխող «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
Նրա խոսքով Հայաստանն, ի հեճուկս ԵՄ-ում գերիշխող կարծիքին, զգալիորեն առաջ է անցել, քանի որ այսօրվա դրությամբ ժողովուրդն ավելի պահանջկոտ է դարձել:
«Ինձ թվում է, մենք ԵՄ-ի հետ խնդիրներ չենք ունենա: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ում մեր անդամակցությանը, ապա Հայաստանն առաջին անգամ փորձել է արտահայտվել իր շահերի մասին, ինչն այնտեղ նստած մարդկանց համար բավական անսովոր էր: Եթե մենք ԵՏՄ անդամներ ենք, ապա ցանկանում ենք ազատ տեղաշարժ տեսնել և դա որոշ երկրներին դուր չի գալիս», - ասաց Իգիթյանը:
Միևնույն ժամանակ պատգամավորը համոզված է, որ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը պետք է միաբան աշխատի, իսկ դրա համար ինչպես ինքն է կարծում, դոկտրին է պետք:
Պատգամավորը նաև ընդգծեց խորհրդարանական բարեկամության խմբերի ձևավորման կարևորությունը, հատկապես հաշվի առնելով Հայաստանի բարձր միջազգային վարկանիշը: Հովհաննես Իգիթյանը միաժամանակ ընդգծեց, որ այդ խմբերը չպետք է ինքնանպատակ լինեն, այլ ծառայեն Հայաստանի շահերի առաջխաղացմանը:
Բացի այդ, նրա խոսքով, ակտիվ աշխատանք պետք է տարվի նաև Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի հետ: