Քոչարյանը քաղբանտարկյա՞լ է. փաստաբանները երրորդ հայցը կներկայացնեն Եվրոպական դատարան
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պատրաստվում են երրորդ անգամ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Ինչպես այսօր լրագրողներին հաղորդեց Արամ Օրբելյանը, երրորդ հայցը հիմա մշակման փուլում է, շատ բան կախված է դատական նիստի արդյունքներից, որը վերսկսվել է չորեքշաբթի առավոտյան։ Վերաքննիչ դատարանը դիտարկում է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը Քոչարյանի կալանքի երկու ամսով երկարացնելու մասին։
Պաշտպանական կողմը երրորդ հայցում շեշտը կդնի դատական գործընթացի քաղաքական բաղադրիչի վրա։ Այլ կերպ ասած` Քոչարյանը կներկայացվի որպես քաղբանտարկյալ։ Եվրոպական կառույցների, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի կառույցներում նկարագրված է «քաղբանտարկյալ» եզրույթը, և Օրբելյանը կարծում է, որ Քոչարյանի գործը համապատասխանում է այդ ձևակերպմանը։
Փաստաբանները հիմա քննարկում են գործը հեղինակավոր ֆրանսիացի և ռուս իրավաբանների հետ, պարզում են նրանց դիրքորոշումը գործի այս կամ այն էպիզոդների վերաբերյալ։