Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Գարիկ Մովսիսյանի տարեդարձն է
Այսօր՝ հունվարի 15-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար զոհված Գարիկ Մովսիսյանը կդառնար 22 տարեկան։
Գարիկը ծնունդով Տավուշի մարզի Զորական գյուղից էր։ 2014թվ. դպրոցն ավարտել և ընդունվել է Երևանի Պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ։
2015 թվ. զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մարտակերտի շրջանի N զորամաս, որպես կապավոր։
Ծառայության ընթացքում մշտապես աչքի է ընկել իր որակական հատկանիշներով, ինչպես նաև մասնագիտական լավ պատրաստվածությամբ, որի համար արժանացել է կրտսեր սերժանտի կոչման։
2016թվ. ապրիլին Գարիկը Թալիշում մասնակացել է պատերազմական գործողություններին:
Ապրիլի 29-ի՝ լույս 30-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը, որի արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Գարիկ Մնացականի Մովսիսյանը:
Գարիկը վիրավորվել է մարտական առաջադրանք կատարելու ժամանակ, երբ դիրքերի միջև հեռախոսային կապը վերականգնելու ընթացքում, ծառայակիցներից մեկին փորձել է օգնություն ցույց տալ։
Գարիկ Մնացականի Մովսիսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԱՀ Նախագաների կողմից «Արիության համար» մեդալներով: