Ինչո՞ւ էր «Ելքը» առաջարկում ԵՏՄ–ից դուրս գալ. պարզաբանում է պատգամավոր Հովհաննես Իգիթյանը
Երբ «Ելքը» առաջարկում էր դուրս գալ ԵՏՄ–ից, դա անում էր, քանի որ կար ճգնաժամ։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։
«Դուք հիշում եք՝ ինչպես ենք մենք մտել ժամանակին ԵՏՄ, այնտեղ կար երկու խնդիր՝ առաջին խնդիրը, որը միանգամից զգացվեց եւ որի մասին Սերժ Սարգսյանը միանգամից իր ելույթի մեջ ասաց, որ մենք մտել ենք Մաքսային միություն, որովհետեւ չմտնելը վտանգավոր էր եւ մեզ հնարավոր է պատժեին։ Բայց կար նաեւ երկրորդ խնդիրը՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ մենք բանակցել ենք մոտավորապես 4 տարի, բանակցությանը ես մասնակցել եմ, Հայաստանի շահը երեւում էր հենց տեքստի մեջ»,–նշեց նա։
Հովհաննես Իգիթյանը շեշտեց՝ հարցն այն չէր, որ հապճեպ մտանք ԵՏՄ, այլ խոսքը առանց բանակցելու մտնելու մասին էր։ «Երբ «Ելքը» առաջարկում էր դուրս գալ ԵՏՄ–ից, դա անում էր, քանի որ կար ճգնաժամ։ Որեւէ շահ մենք ԵՏՄ–ում չէինք տեսնում, իսկ այն պատճառաբանությունը, թե մտել ենք, որովհետեւ չմտնելը սխալ էր, չէր բավարաում ինձ ու այն ժամանակ «Ելք» դաշինքին»,–հավելեց նա։
Պատգամավորի կարծիքով՝ ԵՏՄ–ից հիմա դուրս գալը եթե չասենք վտանգավոր, բայց ոչ նպատակահարմար է, ուստի պետք է նայել, թե ինչ շահ է ունենալու Հայաստանը նրա կազմում լինելով։