Մենք արդեն ԱԳՆ-ում փոխել ենք արատավոր պրակտիկան, որ դեսպաններից շատերը նշանակվում էին նպատակահարմարությունից ելնելով. Ռուբինյան
Մի քանի երկրներ են դեռևս վավերացրել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը. խորհրդարանական դիվանագիտությունն է լծակներից մեկը, որը կարող է արագացնել համաձայնագրի վավարեցման գործընթացը տարբեր երկրների խորհրդարաններում: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում հայտարարեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:
«Այստեղ ևս ԱԳՆ-ի հետ համակարգված մեծ աշխատանք ունենք տանելու՝ խթանելու այս գործընթացը»,-ասաց նա:
«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարեկ Մկրտչյանն էլ դիմելով Ռուբինյանին, առաջարկեց հնարավորության դեպքում դեսպաններ նշանակելիս նրանց բերել ԱԺ եւ լսել նրանց ու խորհրդարանական վերահսկողություն սահմանել. «Եղել են դեսպաններ, որոնք առնվազն չպետք է մոտ գտնվեին ԱԳՆ մուտքի դռներին»,-ասաց նա:
Ռուբեն Ռուբինյանը, ով մինչև վերջերս ԱԳ փոխնախարար էր, ասաց. «Այսօր էլ նշանակվող դեսպանները կարող են հրավիրվել ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողով: կարծում եմ՝ այս պրակտիկան պետք է տարածել ավելի շատ դիվանագիտական ներկայացուցիչների վրա:
Այսպես է ապահովվում գործընթացի թափանցիկությունը: Անգամ եթե ԱԺ-ն դեսպան նշանակելու լիազորություն չունի, այն կարող է մեծ դեր խաղալ, որովհետև դեսպան նշանակողը կգիտակցի, որ ի վերջո, ստիպված է լինելու պատասխանել ԱԺ պատգամավորների հարցերին:
Մենք արդեն ԱԳՆ-ում փոխել ենք արատավոր պրակտիկան, որ դեսպաններից շատերը նշանակվում էին քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կամ թոշակի գնալու համար: Դրանով փակվում էր մասնագետների աճի ճանապարհը»: