Առողջությունից թանկ ոչինչ չկա. մասնագետը հորդորեց գրիպով կամ սուր շնչառական հիվանդություններով երեխաներին չտանել դպրոց կամ մանկապարտեզ
Բազմիցս բարձրաձայնել ենք, որ տոները նպաստելու են գրիպի և սուր շնչառական վարակների տարածմանը: Այս մասին ասաց Հայաստանի ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Պատճառն այն է, որ այդ վարակները փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով:
«Մեկ հիվանդը փակ տարածքում բավարար է, որ առողջները վարակվեն»,- ասաց Թորոսյանը:
Նա հորդորեց ծնողներին հիվանդ երեխաներին չտանել դպրոց կամ մանկապարտեզ: Չնայած բազմաթիվ հորդորներին՝ բազմաթիվ ծնողներ շարունակում են գրիպով կամ սուր շնչառական վարակներով երեխաներին տանել նախակրթական կամ կրթական հաստատություններ:
«Ես հասկանում եմ, գուցե ասեն՝ գործի ենք, աշխատանքի և այլն: Բայց եկեք մի փաստ կարևորենք, որ առողջությունից թանկ ոչինչ չկա: Հունվարի 14-ին 499 երեխայի տուն են ուղարկել սուր շնչառական վարակով: Այն երեխաներին, որոնց հետ են ուղարկում, դա չի նշանակում, որ երեխային պետք է թողնել տանը, այլ պետք է գնալ պոլիկլինիկա, ստանալ համապատասխան բուժում»,- ասաց Թորոսյանը: