Ջերմուկում բնապահպանների և Ամուլսարի հանքավայրի աշխատակիցների միջև ծեծկռտուք չի եղել. ոստիկանության պարզաբանումը
2019 թ. հունվարի 5-ին ոստիկանության Ջերմուկի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ բնապահպան-ակտիվիստների եւ հանքավայրի աշխատակիցների միջև առկա է լարվածություն և հնարավոր է տեղի ունենա վիճաբանություն: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 5-ին Ջերմուկում կողմերի միջև տեղի են ունեցել հանդիպում-քննարկումներ, որոնց ընթացքում որոշակի պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել: Միևնույն ժամանակ կողմերի միջև վիճաբանության, կռվի, կամ բժշկական կենտրոններից մարմնական վնասվածքով բուժօգնության դիմածների կամ տեղափոխվածների վերաբերյալ ահազանգ կամ հաղորդում ոստիկանությունում չի ստացվել:
Նշենք, որ 2018 թվականի մայիսից Ջերմուկ համայնքի մի խումբ բնակիչներ ի նշան
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքի, արգելափակել են դեպի հանքավայր տանող ճանապարհները և ընկերության աշխատակիցներին թույլ չեն տալիս մտնել տարածք:
Բախումներ թույլ չտալու նպատակով ոստիկանության ծառայողները մշտապես իրականացրել և իրականացնում են ամենօրյա միջոցառումներ, ոստիկանության բաժին են հրավիրվում ինչպես բնապահպան-ակտիվիստներ, այնպես էլ կապալառու կազմակերպության աշխատակիցներ, տարվում են համապատասխան բացատրական
աշխատանքներ եւ տարածքում պահպանվում է հասարակական կարգը:
Հավելենք, որ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ Ջերմուկում ընդհարումներ են տեղի ունեցել համայնքում Ամուլսարի հանքի կողմնակիցների և հանքի ճանապարհները փակած խմբի միջև: Նույնիսկ դանակահարության դեպք է եղել, որի մասին ոչ մի հաղորդագրություն ոստիկանությունը չի տվել։ Ավելին՝ ոստիկանությունը ոչ միայն չի միջամտել ու չի կանխել ճանապարհը փակողների ու համայնքի բնակիչների միջև բախումները, այլև չի ձերբակալել պատասխանատուներին։