«Հաց բերող» Արթուր Սարգսյանը, Արայիկ Խանդոյանն էլ մեր կողմի զոհերն են. իրենց գործն էլ ինչպես հարկն է չի քննվել. Գագիկ Եղիազարյան
2008 թվականի մարտի 1-ին այդ ժամանակ գործող վարչակարգը նույնպես սպանել է ոստիկանների՝ արդարացնելու համար ժողովրդի նկատմամբ կիրառվող բռնությունները և այն քաղաքացիների մահերը, որ հետագայում եղան:
Այս մասին այսօր` հունվարի 15-ին, լրագրողներին ասաց «Սասնա Ծռեր» կուսակցության հիմնադիր անդամ Գագիկ Եղիազարյանը ՝ անդրադառնալով ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ոստիկանների սպանության հնարավոր բացահայտմանը:
«Կյանքի իրավունքի վերաբերյալ: Այո՛, կյանքի իրավունք է խախտվել: Բայց ո՞վ է խախտել այդ իրավունքը: Մենք ինքներս ենք շահագրգռված, որ բացահայտվի դա, որովհետև, եթե հիշում ենք՝ ձեռագիրը նույնն է: Մարտի 1-ին ռեժիմը նույնպես սպանել է ոստիկանների արդարացնելու համար ժողովրդի հանդեպ կիրառվող բռնությունները և այն քաղաքացիների մահերը, որոնք հետո եղան: ՊՊԾ գնդի գրավման գործի պարագայում նույնպես այդպես է »,- ասաց նա:
Եղիազարյանի համոզմամբ՝ կյանքի իրավունք ունեն ոչ միայն սպանված ոստիկանները, այլև՝ շատ քաղաքացիներ, որոնց իրավունքները խախտվել են նախկին իշխանությունների կողմից:
Եղիազարյանի խոսքով` Ժողովրդական ապստամբության դեպքում երկու կողմերից էլ կարող են զոհեր լինել:
«Չմոռանանք, որ մեր կողմից նույնպես եղել են զոհեր. «Հաց բերող» Արթուր Սարգսյանը, Արայիկ Խանդոյանը: Եվ նրանց գործն էլ ինչպես, որ հարկն է, չի քննվում. պատասխանատուները չեն բացահայտվում: Գործը պետք քննվի բազմակողմանիորեն, բոլոր մեղավորները պետք է բացահայտվեն»,- հավելեց Գագիկ Եղիազարյանը: