Արցախում տեղի է ունենալու ՀՅԴ Ընդհանուր ժողովը. կմասնակցեն աշխարհի շուրջ 30 երկրներից
Սույն թվականի հունվարի 16-24-ը Արցախում տեղի կունենա ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը, որին կմասնակցեն աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից։
Ընդհանուր ժողովի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունվարի 16-ին` ժամը 11։00–ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Ընդհանուր ժողովը կքննարկի Հայ Հեղափոխական Դաշնակցության նախորդ 4 տարիների գործունեությունը, կորոշի կուսակցության առաջիկա տարիների ռազմավարությունն ու անելիքները։
Ժողովի ավարտին կընտրվի կուսակցության բարձրագույն գործադիր մարմնի՝ ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը:
Նշենք, որ ՀՅԴ ընդհանուր ժողովները վերջին տարիներին անցկացվում են Հայաստանում, 2000 թվականից ի վեր դրանք բացի մեկից անցկացվել են Ծաղկաձորում, իսկ 2015 թվականին գումարվել է Դիլիջանում։
Հավելենք նաև, որ այժմ գործող Բյուրոյի կազմում 11 հոգի է, որոնցից 4-ը՝ Հայաստանից (Հրանտ Մարգարյան՝ ներկայացուցիչ, Արմեն Ռուսատամյան՝ քաղաքական ներկայացուցիչ, Կիրո Մանոյան, Սպարտակ Սեյրանյան), 2-ական՝ Լիբանանից (Բենիամին Պչաքճյան, Հակոբ Խաչերյան), ԱՄՆ-ից (Վիգեն Յակուբյան, Խաչիկ Մուրադյան) և մեկական Իրանից (Վիգեն Բաղումյան), Ֆրանսիայից (Մուրադ Փափազյան) և Կանադայից (Հակոբ Տեր-Խաչատուրյան):