Այստեղ ծածուկ քաղաքականության կամ պառլամենտական ծովահենության տեղ չէ. Վլադիմիր Վարդանյան
Մենք պետք է սովորենք կոլեգիալ որոշումներ կայացնելու մշակույթը. պետաիրավական հանձնաժողովն է ԱԺ մարմինը, ոչ թե հանձնաժողովի նախագահը:
Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում հայտարարեց պետաիրավական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վլադիմիր Վարդանյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատեց, որ նախկինում դեպքեր են եղել, երբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, օրենքի նախագծերում սկզբունքային փոփոխություններ են եղել, ու խորհրդարանը քվեարկել է առանց տեղյակ լինելու այդ փոփոխության մասին:
«ԴԱՀԿ ակտերի հետ կապված նախագիծը, որ մինչև 500 հազար դրամ կարող են առանց դատարանների բռնագանձել, ԱԺ-ում ընդունվել է և ոչ մեկը դրա մասին չգիտեր»,-ասաց Մարուքյանն ու հարց ուղղեց, թե արդյոք Վարդանյանի նախագահ ընտրվելու դեպքում ինքը ևս կշարունակի այդ արատավոր պրակտիկան:
Ի պատասխան Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ իր համար զարմանալի է, որ իրեն նման հարց է տալիս Էդմոն Մարուքյանը, քանի որ ճանաչում է իրեն. «Հանձնաժողովն է որոշումներ ընդունում և այստեղ որևէ ծածուկ քաղաքականության կամ պառլամենտական ծովահենության տեղ չէ»:
Մարուքյանն էլ արձագանքեց. «Այստեղ կարևոր է, որ հրապարակային խոստումներ տրվեն: Կարող է ես գիտեմ, բայց մյուսները չգիտեն»: