ԱԺ ո՞ր հանձնաժողովները կներկայացնեն դատախազի, ԿԸՀ նախագահի և այլ պաշտոնների թեկնածուներին
ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը խորհրդարանի ամբիոնից ներկայացրեց Ազգային ժողովում հանձնաժողովների քանակն ու անելիքները, որոնք սահմանվում են խորհրդարանի որոշմամբ։ Ըստ «Իմ քայլը» դաշինքի առաջարկած նախագծի՝ որոշ պաշտոններում նշանակումներ կատարելու համար Ազգային ժողովի հանձնաժողովներն ունեն հետևյալ իրավասությունները․
Գլխավոր դատախազի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների պաշտոններում ընտրության համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու իրավասությունը պատկանում է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին,
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրության համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու իրավասությունը պատկանում է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին,
Հաշվեքննիչ պալատի նախագահի և մյուս անդամների, Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների և խորհրդի մյուս անդամների պաշտոններում ընտրության համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու իրավասությունը պատկանում է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին,
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների պաշտոններում ընտրության համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու իրավասությունը պատկանում է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին,
Յուրաքանչյուր մշտական հանձնաժողովի խորհրդարանական վերահսկողության շրջանակն ընդգրկում է իր գործունեության ոլորտները կարգավորող օրենքների, ինչպես նաև այդ ոլորտներին վերաբերվող հարցերով Կառավարության ծրագրի կատարման ընթացք,
Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի գործունեության ընդհանուր համակարգման և մշտադիտարկման իրավասությունը պատկանում է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին: