ԼՀԿ թեկնածուին ԱԺ փոխնախագահի պաշտոնում չաջակցելը վրե՞ժ է «Իմ քայլը» դաշինքի կողմից
Ազգային ժողովի միջանցքում խորհրդարանի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում առաջադրված Մանե Թանդիլյանի հետ ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը հարցրեց՝ այն, որ «Իմ քայլը» դաշինքը չի աջակցում «Լուսավոր Հայաստանին» թեկնածուին, դա վրե՞ժ է այն բանի համար, որ ԼՀԿ-ն հեղափոխության օրերին չէր քայլում ՔՊ անդամների հետ կողքի կողքի։ Թանդիլյանը հակադարձ հարց տվեց․
««Բարգավաճ Հայաստանը» քայլե՞ց»։
Լրագրողներից մյուսի այն հիշեցմանը, որ ԲՀԿ-ն ջուր է ուղարկել հեղափոխության մասնակիցներին (կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքն է – խմբ.), Թանդիլյանը պատասխանեց, որ չի կարծում, թե «Իմ քայլը» դաշինքի անդամները կարող էին կաշառվել ջրով ու ներդրումների մասին խոստումներով։
«Ես համոզված եմ, որ առհասարակ քաղաքական որոշումները պետք է կայացվեն քաղաքական դրդապատճառներով, և հետևաբար մրցակցությունն ու ընտրության հնարավորությունը, որ «Լուսավոր Հայաստանն» ապահովեց փոխխոսնակների ընտրության ժամանակ, ես կարծում եմ՝ լավագույնը դրսևորեց այն դեբատների բովանդակությունն ու հնարավորությունը, որ մենք պատրաստվում ենք ապահովել Ազգային ժողովում՝ որակյալ և բովանդակային», – ասաց Թանդիլյանը։