Ովքե՞ր են լքել Երևանի ավագանին և ովքե՞ր կփոխարինեն նրանց
Այսօր մեկնարկեց Երևանի ավագանու՝ այս տարվա առաջին՝ արտահերթ նիստը: Քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորեց ավագանու անդամներին ու հայտարարեց, որ նիստի աշխատանքներին մասնակցում է ավագանու 50 անդամ, քվորում կա, և աշխատանքները սկսվում են:
Հայկ Մարությանը ներկայացրեց ավագանու նոր անդամներին, ովքեր զբաղեցնում են ավագանու մանդատից վաղաժամկետ հրաժարված անդամների տեղը:
«Իմ քայլը» դաշինքից ընտրվել և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրել էին Լուսինե Բադալյանը, Նարինե Խաչատրյանը, Արթուր Դավթյանը, Նարեկ Զեյնալյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Սոնա Ղազարյանը, Գայանե Աբրահամյանը, Արուսյակ Ջուլհակյանը: Ավագանիում նրանց կփոխարինեն Ռաֆայել Ավետիսյանը, Սաշա Կատվալյանը, Աննա Ջավախյանը, Արթուր Մայիլյանը, Աշոտ Սարգսյանը, Վազգեն Դարբինյանը, Հայկ Միրզոյանը և Արուսյակ Հարությունյանը:
ԲՀԿ -ից լիազորությունները վաղաժամկետ դադարեցրել էր Արման Աբովյանը: Նրան կփոխարինի խմբակցության հաջորդ հերթական համարը զբաղեցնող Լյուդմիլա Սարգսյանը:
«Լույս» խմբակցությունից ավագանու պաշտոնից հրաժարվելու մասին դիմում էր ներկայացրել Անի Սամսոնյանը, նրա լիազորությունները փոխանցվել են Թեհմինա Վարդանյանին: