Երևանի քաղաքապետարանն ընդունեց տեղական տուրքերի մասով արտոնություններ սահմանելու որոշումը
Երևանի ավագանին սկսել է այն հարցի քննարկումը, ըստ որի՝ տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց՝ 2018 թվականի հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2019 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ:
Հիմնական զեկուցողն է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արմեն Հարությունյանը:
Որոշման նախագիծը, մասնավորապես, այսպիսին է՝
1) Հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար 2019 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 58.33 տոկոսի չափով.
2) Երևանի վարչական տարածքում առևտրի օբյեկտներին ժամը 24:00 -ից հետո աշխատելու թույլտվության համար 2019 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 72.98 տոկոսի չափով.
3) Երևանի վարչական տարածքում հանրային սննդի և զվարճանքի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար 2019 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 70 տոկոսի չափով:
Որոշումն ընդունվել է 56 կողմ ձայնով: Որոշմանը կողմ է քվեարկել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ընդգծել է, որ առաջարկում են վերանայումներ անել՝ քառակուսի մետրով հաշվարկվող տուրքի և արտադրական օբյեկտների աղբահանության վճարների հարցով:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: