Ինչ եք անելու, որ խորհրդարանը չլինի գործիք կառավարության ձեռքին. Գորգիսյանի հարցը՝ Արարատ Միրզոյանին
Իսկապես, ԱԺ-ի դերը այնքան մեծ չի եղել մեր պետական ինստիտուտների ողջ համակարգում, բայց և Սահմանադրությունը և 7-րդ գումարման պատգամավորն անհատապես արդեն խոսում են այն մասին, որ ԱԺ-ի դերը հետայսու պետք է բարձրանա: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, մասնավորապես հարց ուղղեց. «Ինչ եք անելու, որ խորհրդարանը չլինի գործիք կառավարության ձեռքին, այլ լինի գործոն: Դուք պատրաստ լինելո՞ւ եք հակադրվել կառավարությանը, բարձրացնելու ԱԺ-ի դերը, այն դարձնելով թիվ մեկ քաղաքական ամբիոնը, հարթակն ու գործոնը»:
Իպատասխան Արարատ Միրզոյանը նշեց. «Այո, ԱԺ-ում մեծամասնությունը
կառավարության քաղաքական հենարանն է, և բնական կլինի, որ կառավարության
նախաձեռնությունների գերակշիռ մասը աջակցություն պետք է ստանա ԱԺ-ում, բայց
նաև պիտի խորհրդարանն ինքը հանդես գա նախաձեռնություններով, փոխի համամասնությունը, ոչ թե ինքնանպատակ կերպով հակադրվի կառավարությանը, այլ
համատեղ աշխատել երկրի համար ավելի լավ իրավական դաշտ ունենալու ուղղությամբ: Ես ձեր ասածը տեսնում եմ կառավարության հետ համագործակցության, բանակցությունների միջոցով: ԱԺ-ն չպետք է թղթի վրա գրված թողնի վերահսկողության մասին իր գործառույթները»,-ասաց նա: