Մշակույթի նախարարությունը մեղավոր չէ. Աբրոյանը` «Փոքրիկ երգիչներ» հուշարձան-շենքի մասնակի փլուզման մասին
Երկու օր առաջ Արամի 23 հասցեում փլուզվել է «Փոքրիկ երգիչներ»
հուշարձան-շենքի պատը: Այս օրերի ընթացքում այս հարցը բազմակողմանի
քննարկվում է, և այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Պատմամշակութային
հուշարձանների պահպանության վարչության պետ Արմեն Աբրոյանը պարզաբանել է,
թե այդ հուշարձանի հանդեպ որ կողմն ինչ պարտավորություն է ունեցել:
«Մենք արձագանքել ենք «Փոքրիկ երգիչների» ահազանգին, դիմել ենք քաղաքապետարան, որպեսզի խնդիրներին ուշադրություն դարձնեն, և նշել ենք, որ
տարածքում շինարարությունն անօրինական է կատարվել: Հետո պարզել ենք, որ
այդտեղ շինարարությունը քաղաքաշինական նորմերի խախտմամբ է կատարվել»,- այս
մասին ասել է Պատմամշակութային հուշարձանների պահպանության վարչության պետ
Արմեն Աբրոյանը:
Նա նշեց, որ տարածքում կառուցապատողը գործարար Վարսան Սրմաքէշն է, և իրենք բանակցել են վերջինիս ներկայացուցչի հետ: Հուշարձան շենքի վերաբերյալ քննարկում են ունեցել նաև Քաղաքաշինության կոմիտեում՝ Էլոյանի հետ:
«Շատ մասնագետների հետ քննարկելով փորձում էինք հասկանալ ու լուծումներ գտնել: Նախագիծ էինք կազմել և ներկայացրել Մշակույթի նախարարություն: Խնդիրը վերաբերում է հուշարձանի հիմնային գրունտներն ամրակայելուն, նախատեսվում էր հուշարձանի տակ գտնվող սահող հողի ամրակայման նախագիծ»,- նշել է Աբրոյանը:
Սակայն սեփականատերերն ու «Հին Երևան» ծրագրի ղեկավարությունը ներկայացված նախագծին համաձայնություն չեն տվել` պարզաբանելով, որ այդ ամրակայմամբ շինությունը չի փրկվի: Աբրոյանը նաև հավելել է, որ շինության քանդման մեղավորը Մշակույթի նախարարությունը չէ:
«Մեղավորին կպարզի դատախազությունը: Գործն ուղարկվել է անկախ փորձաքննության, և այժմ ընթանում է քննություն»,- հավելել է Աբրոյանը:
Աբրոյանը վստահաբար շեշտեց, որ եթե գրունտային հիմքերն ամրակայվեին, ապա հուշարձանը հնարավոր կլիներ փրկել: