«Տուշոնկայի փաստաբան». Վերաքննիչ դատարանի առաջ հավաքված ցուցարարները չէին թողնում Մանվել Գրիգորյանի փաստաբանին մեքենայով հեռանալ (տեսանյութ)
Գեներալ Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու վերաբերյալ Դատախազության միջնորդության գործի քննության հետաձգումից հետո Վերաքննիչ դատարանի առջև բողոքի ցույց իրականացնող մասնակիցները փակել էին փաստաբանի մեքենայի մուտքը՝ թույլ չտալով նրան հեռանալ տարածքից:
Նրանք վանկարկում էին «տուշոնկայի փաստաբան» և հարցնում, թե ինչքան գումարի դիմաց է որոշել Մանվել Գրիգորյանի շահերը պաշտպանել:
Ցուցարարներին հատկապես վրդովեցրել էր փաստաբան Արսեն Մկրտչյանի՝ ցուցարարներին թափթփուկ անվանելը: «Մենք քեզանից պատիվ ենք պահանջում մեզ թափթփուկ անվանելու համար»,- բացականչում էին ցուցարարները:
Փաստաբանին հաջողվեց տարածքից հեռանալ ոստիկանների օգնությամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ դատարանը սկսել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքի քննությունը: Ըստ այդմ՝ դատարանը որոշում կկայացնի՝ Մանվել Գրիգորյանին վերադարձնել կալանավայր, թե ոչ: Նիստին զուգահեռ ընթանում էր բողոքի ակցիա:
Մանրամասն՝ տեսանյութում: