Ինչո՞վ է այսուհետ զբաղվելու Արփինե Հովհաննիսյանը
Դեռևս ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն այսուհետ զբաղվելու է մասնագիտական գործունեությամբ: ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի հետ իրավաբանական գրասենյակ են հիմնել:
«Հանրային քաղաքականությամբ զբաղվելուց չեմ խուսափելու: Տարիներ առաջ փաստաբանական գործունեությամբ զբաղելու քննություն եմ հանձնել և լիցենզիա չեմ վերցրել, այս գործունեությամբ երևի զբաղվեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Բացի այդ, նա պատրաստվում է նաև հանրային քաղաքականության ձևաչափի մեջ մնալ, դրա համար արդեն, նրա խոսքով, որոշ պրոյեկտներ կան:
Ինչ վերաբերում է նոր խորհրդարանի գործունեությանը՝ Հովհաննիսյանը զերծ մնաց քաղաքական գնահատականներ տալուց, ընդամենը հույս հայտնեց, որ պատգամավորները կգիտակցեն իրենց վրա դրված բեռը ու հասարակության նկատմամբ ունեցած պատասխանատվությունը:
Իսկ այն դիտարկումներին, թե 7-րդ գումարման խորհրդարանը համարվում է երիտասարդ, և շատերը թերահավատորեն են մոտենում նրանց գործունեությանը, Հովհաննիսյանն այսպես պատասխանեց.
«Ես երբեք սրբազան սարսուռով չեմ վերաբերվել տարիքին կամ փորձառությանը, բայց ես առավել շատ կարևորում եմ պրոֆեսիոնալիզմը, կոմպետենտությունը և կոնկրետ հարցին տիրապետելու կարողությունը»: