Մենք շատ լուրջ գործեր ունենք անելու՝ թե ՛ օրենսդրական դաշտում, և թե ՛ հայեցակարգային առումով՝ հասկանալու, թե մենք ուր ենք գնում. Նարինե Թուխիկյան
«Իմ քայլը» խմբակցության նիստում նախատեսվում է քննարկել պատգամավորների՝ հանձնաժողովներին անդամակցությանն ու կանոնադրությանը վերաբերող հարցեր: Այս մասին նիստի մեկնարկից առաջ հայտնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը:
Հարցին, թե ինքը որ հանձնաժողովին կնախընտրեր անդամակցել՝ պատգամավորը պատասխանել է, որ արդեն հայտնել է իր նախընտրությունն այդ հարցի վերաբերյալ:
«Հուսամ, որ մշակույթ, կրթությունը, ինչպես և արձանագրվել է, այդտեղ էլ կներառվեմ»,- ասել է պատգամավորը:
Նա անդրադարձել է նաև այս հանձնաժողովում ընդգրկվելու դեպքում իր գործունեությանը՝ նշելով, որ մեծ անելիքներ կան իրենց առջև դրված:
«Եթե ներառվեմ մշակույթ, կրթություն, զբոսաշրջություն, սփյուռք և այլն… անունն էլ վերջնական չեմ կարող ասել՝ անշուշտ, այդ ուղղությամբ, որովհետև կարծում եմ, որ մեր ամբողջ մեծ քաղաքականության անբաժանելի մասը հենց մշակութային քաղաքականությունն է, և մենք շատ լուրջ գործեր ունենք անելու՝ թե ՛ օրենսդրական դաշտում, և թե ՛ հայեցակարգային առումով՝ հասկանալու, թե մենք ուր ենք գնում և մեր մշակույթն ինչպիսի թռիչք պիտի արձանագրի և իր հետևից, իր թևերի վրա տանի մեր ամբողջ պետությունը»,- ասել է նա:
Դիտարկմանը, որ նախկինում այս հանձնաժողովում ընդգրկված պատգամավորների աշխատանքը, մեղմ ասած, այնքան էլ գոհացուցիչ չի եղել հանրության համար՝ պատգամավորն ասել է, որ իրենք քրտնաջան աշխատելու են հանրության հույսերն արդարացնելու համար: