Նորընտիր պատգամավորը հերքել է ԱԺ-ում Փաշինյանի սպասումները չարդարացրած մարդկանց հայտնվելու մասին լուրը
Այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, քանի որ տարբեր պաշտոնների հարցում հավաքական որոշում է ընդունվել:
Այս մասին այսօր 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատները հանձնելու պաշտոնական արարողությունից հետո ասաց նորընտիր պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ մեկնաբանելով մամուլում հայտնված այն տեղեկությունը, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարան է «գործուղել» այն նախարարներին և պաշտոնյաներին, որոնք իրենց վատ են դրսևորել Կառավարությունում:
Նրա խոսքով՝ մարդկանց խորհրդարան են ուղարկել՝ հաշվի առնելով ինչպես քաղաքական, այնպես էլ մասնագիտական նպատակահարմարությունը:
«Որոշ մարդիկ մնացին Կառավարությունում, ոմանք գնացին օրենսդիր մարմին», - բացատրեց Ռուբինյանը:
Պատասխանելով այն հարցին, թե որքանով են արդարացված այն մտահոգությունները, որ նորընտիր պատգամավորները օրենսդրական գործունեության փորձ չունեն, Ռուբինյանը պատասխանեց, որ Ազգային ժողովում երիտասարդ կադրերի հայտնվելը պետք է ոչ միայն մտահոգության պատճառ չդառնա, այլ նաև դրական փոփոխություն է, քանի որ տարիներ շարունակ ասվում էր Հայաստանի քաղաքական դաշտում սերունդների փոփոխության մասին, և վերջապես դա տեղի ունեցավ:
«Բացի այդ, նոր Ազգային ժողովում կլինեն շատ փորձառու մարդիկ, և ես կարծում եմ, որ երիտասարդների և փորձառուների այս համադրությունը մեծ հնարավորություններ կստեղծի որակյալ և արդյունավետ օրենսդիր մարմնի ձևավորման գործում», - նշեց պատգամավորը: