Մենք ՀՀԿ տրադիցիաները չպետք է պահենք այս խորհրդարանում. Էդմոն Մարուքյան
Մենք ԱԺ հանձնաժողովների ու ընդհանուր կառուցվածքի հետ կապված ենք խոսել, բայց ընդհանուր հայտարարի գալու բանակցություն չենք ունեցել:
Այս մասին, ԱԺ մանդատների հանձնման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի հետ իրենց ունեցած հանդիպման մասին:
«Մենք ինչ ասել ենք, հրապարակային է, և հրապարակային էլ շարունակում ենք պնդել: Առանձին հանդիպումներով որևէ համաձայնություն չունենք, չենք եկել և չենք գալու: Եթե գանք նման համաձայնության, դա կլինի հրապարակային»,-ասաց նա:
Մարուքյանը չհամաձայնեց մոտեցմանը, որ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը պետք է լինի ավելի մեծ ընդդիմադիր խմբակցությունից. «Դրա տակ տրամաբանություն չկա: Սահմանադրությունն այլ բան է ասում, ՀՀԿ քաղաքական տրադիցիաները պահելը այլ բան է: Մենք կարծում ենք, որ ՀՀԿ տրադիցիաները չպետք է պահենք այս խորհրդարանում»:
Դտարկմանը, որ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ բացառվում է, որ ԱԺ փոխնախագահի պաշտոններից մեկը տրվի «Լուսավոր Հայաստանին», Էդմոն Մարուքյանն ասաց. «Մենք չենք էլ ուզել այդ տեղերից մեկը: Մենք ասել ենք՝ եթե շատ եք ուզում ԲՀԿ-ից էլ փոխնախագահ ընտրել, ընտրեք: Այսինքն երեք փոխխոսնակ կա, կարող են մեկը լինի իշխանությունից, մյուս երկուսը լինեն ընդդիմադիր ուժերից: Եթե շատ են ուզում ԲՀԿ-ից էլ ընտրեն, թող ընտրեն, ով է դրան դեմ»:
Հարցին, թե ԱԺ նախագահի թեկնածու «Լուսավոր Հայաստանը» առաջադրելո՞ւ է, Մարուքյանը պատասխանեց. «Քննարկում էինք, բայց երեւի չենք առաջադրի: Դրա մասին առանձին ելույթով կանդրադառնամ: Եթե առաջադրենք, ելույթով կանդրադառնամ, եթե չառաջադրենք, կասեմ, թե ինչու չառաջադրեցինք»: