Լարսի ճանապարհի այլընտրանքի մասին հարցը շարունակվում է քննարկվել
Լարսի ճանապարհի այլընտրանքի մասին հարցը շարունակվում է քննարկվել: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ նախորդ իշխանությունը հայտարարում էր, որ քննարկումներ կան, արդյոք, այժմ այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են:
«Քննարկումներ տարվում են, բայց հաշվի առնելով այն սահմանափակումները, որոնք ունենք, եւ եղանակային սահմանափակումները, այս պահին չեմ ուզում մեկնաբանություն անել, որպեսզի բանակցային գործընթացին վնաս չհասցնեմ, քանի որ դրանք եռակողմ բանակցություններ են, որպես երրորդ կողմ չեմ ուզում այս պահին մեկնաբանություն անել», -ասաց Արշակյանը:
Դիտարկմանը, թե ժամանակին նաեւ խոսակցություններ են եղել, թե ռուսական կողմում կոռուպցիոն սխեմաներ կան ռուսաստանցի սահմանապահների վերաբերյալ, որ կաշառք են պահանջվում ՀՀ քաղաքացիներից, ՀՀ-ն այդ մասին տեղեկություն ունի՞, Հակոբ Արշակյանն արձագանքեց, որ այդ մասին եւս չի ցանկանում մեկնաբանություն անել, սակայն ՌԴ իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ եղել է բանակցություն այն մասին, որ ՌԴ-ն ունի իր սահմանային անցակետերի արդիականացման ծրագիր, Լարսը՝ որպես կարեւորագույն կետ ՀՀ-ի համար, եւս ընդգրկված է լինելու արդիականացման ծրագրում: