Մանկատներից դուրս եկած երեխաների նկատմամբ պետությունն ի՞նչ պարտավորություն ունի
Մանկատներից դուրս եկած երեխաների նկատմամբ պետությունն ի՞նչ պարտավորություն ունի: Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս հարցն ուղղեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Արսեն Մանուկյանին: Վերջինս նշեց, որ դա ցավոտ հարցերից մեկն է:
«Մինչև 2013 թվականը մենք նրանց նկատմամբ բնակարանի տրամադրման պարտավորություն ենք ունեցել: Հերթացուցակում այսօր 221 նման երեխա կա, ում նկատմամբ պարտավորությունն առ այսօր կատարված չի»,- ասաց Մանուկյանը:
Նրա խոսքով՝ մինչև 2013 թվականը 167 մեկ սենյականոց բնակարան է ձեռք բերվել պետության հաշվին Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում: Բնակարանները տրամադրվել են մանկատան տարբեր սաների:
«Այս պահին մենք չենք կարողանում նրանց բնակարան տրամադրել: Դա մեր քաղաքականության բացերից մեկն է»,-ասաց Մանուկյանը:
Վարչապետը շեշտեց, որ այդ խնդրից զատ, պետք է ուշադրություն դարձվի, որ մանկատան սաները պատշաճ կրթություն ստանան: