Սամվել Մայրապետյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելը հետաձգվել է
2019 թվականի հունվարի 4-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացված գրությամբ ՀՀ կառավարությունը տեղեկացվել է, որ 2019 թվականի հունվարի 2-ին Սամվել Մայրապետյանի փաստաբանները, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել են, որ վերջինս, Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին վերադարձնել Դիմումատուի անձնագիրը եւ թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից:
Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ հաջորդ օրն իսկ` հունվարի 3-ին, Եվրոպական դատարանը որոշում է կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը եւ ՀՀ կառավարությանն առաջադրել հետեւյալ հարցերը՝
Արդյոք ՀՀ իշխանությունները վերցրե՞լ են Դիմումատուի անձնագիրը: Եթե այո, ապա որո՞նք են դրա իրավական եւ փաստական հիմքերը.
Հաշվի առնելով Դիմումատուի առողջական վիճակը՝ արդյոք հնարավո՞ր է կազմակերպել վերջինիս բուժումը Հայաստանում:
ՀՀ կառավարությունից պահանջվել է մինչեւ սույն թվականի հունվարի 11-ը տեղեկություններ ներկայացնել առաջադրված հարցերի շուրջ: Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը ձեռնարկում է համապատասխան քայլեր նշված տեղեկատվությունը հավաքագրելու, ՀՀ կառավարության դիրքորոշումը ձեւավորելու եւ սահմանված ժամկետում Եվրոպական դատարան ներկայացնելու համար: